Մնջախաղի թատրոնը Ճեմարանում

Դրամատուրգիա առարկայի թեմատիկ միավորի շրջանակում ճեմարանում հյուրընկալվեց Մնջախաղի պետական  թատրոնը՝ «Թիթեռները» ներկայացմամբ:

 

Մինչև ներկայացումը և ներկայացումից հետո թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը ուսուցողական զրույց վարեց 7-րդ դասարանցի հանդիսատեսի հետ:

 

Բեմադրության հիմքում հավերժական սիրո և դավաճանության անհամադրելիության խնդիրն է: Թիթեռների ընտանիքում ծնվել է մեկը՝ առանց թևերի: Նա փորձում է օգտագործելով դիմացինի սերը՝ ստանալ նրա թևերը: Սակայն տեղի է ունենում անսպասելին…

 

«Այդպես լինում է, երբ մարդ չարությունից վրեժ է լուծում, այդպես լինում է հեքիաթներում, այդպես լինում է, ցավոք, շատ հաճախ նաև կյանքում»,- բեմադրությունից հետո աշակերտների «ինչու՞» հարցին ի պատասխան՝ ասաց Ժիրայր Դադասյանը:

 

Հանդիսատես սաներից շատերը, սակայն, ինչուների պատասխանները իրենց համար դուրս էին բերել: «Ես մի անգամ էլ համոզվեցի, որ նախանձը վերջում պատժվում է, այստեղ էլ, նա, թեև թևերը ստացավ, բայց վերջում մահացավ, սա էլ ինձ համար մի խրատ էր, որ նախանձը շատ վատ բան է և լավ բանի չի հասցնի մարդուն»,- ասաց սաներից մեկը:

 

Սաներից մյուսը խնդրեց հակիրճ ներկայացնել բեմադրության սցենարը. «Ես վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը ստացավ իրեն հատուկ տպավորություններ, ձեզնից  յուրաքանչյուրը կարող է կառուցել այն պատմությունը, որն ինքն է ընկալել,- ասաց բեմադրիչը»,- ասաց բեմադրիչը:

 

Ներկայացումն ունի բազմաթիվ շերտեր, և մնջախաղի յուրաքանչյուր բեմադրության ամբողջ իմաստն այն է, որ հադիսատեսը իր զուգահեռները անցկացնի, ինքը փորձի մեկնաբանել, ինքը բացահայտի իր պատմությունը, վերհանի պատմության բազմաթիվ շերտերից մեկը կամ նոր սցենարի իր տարբերակը:

 

Տնօրեն Տաթևիկ Արզումանյանն էլ կիսվեց իր տպավորություններով. «Ներկայացման ամբողջ ընթացքում մի հարց էր պտտվում գլխիս մեջ, իսկ ինչպես կավարտվեր պատմությունը, եթե ի սկզբանե 5 մյուս թիթեռները, որոնք ծնվել էին թևերով, ընդունեին, որ աշխարհում կարող է լինել մեկ ուրիշ թիթեռ, որ մի փոքր տարբեր է իրենցից, ինձ համար որպես մանկավարժի՝ բոլոր հարցերի պատասխանը թաքնված էր հենց այդտեղ:

 

Վստահ եմ՝ բոլորս մեր շուրջը տեսնում ենք «անթև» մարդկանց, ում բոլորովին պատրաստ չենք ընդունել, նրանց չարացնում ենք, նրանց ուրախություն չենք պարգևում»,- ասաց նա:

 

Ներկայացման վերջում թևերը` որպես անմնացորդ սիրո դրսևորման գրավական նվիրաբերած թիթեռնիկի ընկերները հրաժարվեցին իրենց թևերից, որպեսզի կենդանացնեն նրան նորից, և բոլորով միասին դարձան մեկ թև:

 

«Այո, երբ բոլորը միանում են իրար, կարող են նորից թևեր ունենալ և միայն դրա օգնությամբ է հնարավոր վերակենդանացնել: Խրատը նաև դրանում է»,- ասաց Ժիրայր Դադասյանը:

 

Մնջախաղի թատրոնը Ճեմարանում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *