Միջին դպրոցի ծրագիր

Միջին դպրոցի ծրագիրը (ՄԴԾ) ճկուն կրթական համակարգ է. այն հնարավորություն է տալիս համապատասխանեցնելու, տեղայնացնելու ՀՀ պետական և Միջազգային բակալավրիատի  ուսումնական առարկայական չափորոշիչների և ծրագրերի պահանջները:

 

ՄԴԾ-ն Միջազգային բակալավրիատի կրտսեր դպրոցի ծրագրի շրջանակում սովորողի ձեռքբերած գիտելիքների, կարողությունների, հմտությունների զարգացմանն ուղղված գործունեության  բնականոն շարունակությունն է:

 

Միջին դպրոցում կարող են սովորել 5-10-րդ դասարանների աշակերտները:

 

Միջին դպրոցի ծրագիրը սովորողին պատրաստում է 11-12-րդ դասարաններում ինչպես ազգային, այնպես էլ ՄԲ Դիպլոմային ծրագրերի ակադեմիական բովանդակությունը յուրացնելուն և հետազոտական գործունեություն ծավալելու կարողություններն ամրապնդելուն:

 

Մեր ուսումնական  ծրագիրը

– Միասնացնում և տեղայնացնում է Միջազգային բակալավրիատի ՄԴԾ-ի և ՀՀ պետական կրթական համակարգերի պահանջները:

 

– Լիարժեք և նպաստավոր պայմաններ է ստեղծում սովորողի ֆիզիակական, մտավոր, հոգևոր, սոցիալական ոլորտների զարգացման համար:

 

– Սովորողին հանարավորություն է տալիս ձեռք բերելու գիտելիքներ, կարողություններ և հմտություններ՝ կյանքի ընթացքում ծագող բարդությունները հաղթահարելու և բարեկեցիկ ապագային միտված պատասխանատու քայլեր ձեռնարկելու համար:

 

– Առարկայական 8 խմբերի միասնացած և փոխկապակցված ուսումնասիրության շնորհիվ ապահովում է սովորողի աշխարհընկալման ընդգրկունությունը:

 

– Մայրենի  և օտար լեզուների ուսումնասիրությունը (հայերեն, ռուսերեն և անգլերեն (ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն) հնարավորություն է տալիս ըմբռնելու ինչպես սեփական ժողովրդի, այնպես էլ այլ ազգերի մշակույթը՝ ապահովելով մտածելակերպի և աշխարհընկալման խորությունը:

 

–  Ճեմարանի՝ Միջազգային բակալավրիատի, ինչպես նաև «Ռաունդ Սքվեր» համաշխարհային դպրոցների ցանցին անդամակցումը աշակերտներին արտոնում է  ներգրավվելու  ինչպես համայնքային, այնպես էլ միջազգային ծառայության նախագծերին, փոխանակման ծրագրերին, համաժողովներին:

 

– Դասերին զուգահեռ իրականացվող էքսկուրսիաները, այցելությունները, նշանավոր  մարդկանց հետ  հանդիպումները, տարբեր կառույցներում անցկացվող դասերը, հասրակակական իրադարձություններին ակտիվ ներգրավվածությունը մեծապես նպաստում են, որ  սովորողները  խոր և լիարժեք գիտելիքներ  ձեռք  բերեն:

 

– Միջին դպրոցի ավարտին  ներկայացվող  անհատական նախագիծը  և  դրա  իրականացման ընթացքում    ծավալած ինքնուրույն  հետազոտական աշխատանքը սովորողին հնարավորություն է  տալիս իր կարողությունները կիրառելու կյանքի տարբեր ոլորտներում, առարկայական որոշակի գիտելիքները ծառայեցնելու սեփական հետաքրքրությունները բավարարելուն:

 

Ընդունելություն

Միջին դպրոցում ընդունելությունը կազմակերպվում է մրցութային կարգով վճարովի և պետական համաֆինանսավորմամբ տեղերում:

 

  • Ճեմարանի կրտսեր դպրոցի շրջանավարտները տեղափոխվում են միջին դպրոց կրտսեր դպրոցի ծրագրի շրջանակում ձեռք բերած գիտելիքների և պետական քննական արդյունքների հիման վրա:
  • Այլ դպրոցներից կամ արտերկրից միջին դպրոց ընդունվելու համար դիմորդները հանձնում են ընդունելության քննություններ:
  • 5-8-րդ դասարաններում սովորելու համար հանձնում են քննություն հայոց լեզու, մաթեմատիկա, ռուսաց լեզու, անգլերեն (ֆրանսերեն) առարկաներից,
  • 9-րդ դասարանում՝ հայոց լեզու, մաթեմատիկա, օտար լեզու, գիտության խմբի առարկաներից:

Առանց ընդունելության քննությունների, հարցազրույցի հիման վրա ճեմարան  կարող են ընդունվել այլ դպրոցների՝ առանձնահատուկ ընդունակություններ դրսևորած, հանրապետական օլիմպիադաներում 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի դիպլոմներով պարգևատրված սովորողները:

  • Բարձր առաջադիմություն ունեցող սաները ստանում են կրթաթոշակ:

 

Կառույցներ և ծառայություններ

  • Առարկայական ութ ամբիոններ
  • Հոգեբանական կենտրոն
  • Գիտամեթոդական կենտրոն
  • Մուլտիմեդիա կենտրոն՝ ներառյալ ողջ տարածքում հասանելի wi-fi-ով և համացանցով ապահովված կոնֆերանսի սրահ, ՏՀՏ կենտրոն և համակարգչային լաբորատորիաներ
  • Բնագիտական լաբորատորիաներ
  • Առարկայական դասասենյակներ
  • Գրադարան՝ հագեցած 27000 էլեկտրոնային և 15000 տպագիր գրքերով
  • Մանկավարժական ծառայություն
  • Բժշկական ծառայություն
  • Տրանսպորտային ծառայություն
  • Պարասրահ
  • Մարզադահլիճ
  • Թենիսի խաղահրապարակ
  • Հացատուն
  • Հանրակացարան
  • Ամառային ճամբար Հանքավանում

 

Ճեմարանում գործում են արտադասարանական տարբեր խմբակներ՝ օտար լեզուների, դաշնամուրի, երգ-երաժշտության, պարի, ռոբոտաշինության, տեխնոլոգիայի, կերպարվեստի, բասկետբոլի,  վոլեյբոլի, թենիսի,  ինչպես նաև մնջախաղի, թատերական ստուդիաներ և Էկոակումբ: Ողջ ուստարվա ընթացքում  առանձին առարկաներից  գործում են  խորացված ուսուցմամբ խմբակներ: