Բարի գալուստ

Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը ստեղծվել է 1990թ. որպես շնորհալի երեխաների բացահայտման, նրանց կրթության կազմակերպման, ինչպես նաև շնորհալիության խնդիրներով զբաղվող հաստատություն: Նրա կանոնադրությունը (կանոնակարգը) հաստատել է լուսավորության նախարարությունը, և համաձայնեցվել է ֆինանսների, առողջապահության, տրանսպորտի և հաղորդակցության նախարարությունների հետ, իսկ դրան նախորդող ժամանակավոր կանոնադրությունը համաձայնեցվել է կառավարությունում:

1997թ. ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ճեմարանը վերակազմավորվել է գիտակրթական համալիրի:

Այս նոր կարգավիճակը թույլ տվեց ստեղծելու կրտսեր և միջին դպրոցներ, ինչպես նաև նախակրթարան` ելնելով շնորհալիության խնդիրների հետազոտությունը երեխաների առավել վաղ տարիքից սկսելու նպատակահարմարությունից:

Երևանի Նոր Նորքի թաղապետարանը Ճեմարանին է հատկացրել համայնքի 5-րդ զանգվածում գտնվող լուծարված մսուր-մանկապարտեզի շենքը, որի տարածքում այժմ գործում են ճեմարանի նախակրթարանն ու կրտսեր դպրոցը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման (N555, 3 սեպտեմբերի, 1999թ.) համաձայն` Հանքավան գյուղի «Հեքիաթ» ճամբարի շենքը տրամադրվեց կրթահամալիրին` սաների և աշխատակազմի ամառային ուսուցումն ու հանգիստը կազմակերպելու համար: Որոշման մեջ մասնավորապես ասված է. «Շնորհալի երեխաների ուսումն ու հանգիստը կազմակերպելու նպատակով Կոտայքի մարզի Հանքավան գյուղի «Հեքիաթ» ճամբարը հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարարության տնօրինությանը` այն «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան-գիտակրթական համալիր» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելու համար…»:

2011թ. օգոստոսին ՀՀ կառավարության որոշմամբ (N 1080-Ս, 04.08.2011թ.) ճեմարանի կրտսեր, միջին և ավագ դպրոցները միացման ձևով վերակազմակերպվել են ամբողջական կրթահամալիրի, որը լայն հեռանկարներ բացեց ճեմարանի առաջընթացի, մասնավորապես Միջազգային բակալավրիատի ծրագիրը ոչ միայն կրտսեր, այլ նաև միջին և ավագ դպրոցներում ևս իրականացնելու համար:

Ճեմարանն իրականացնում է շնորհալի երեխաների կրթության կազմակերպման և օժտվածության խնդիրների ուսումնասիրման հեղինակային ծրագիրը (գրանցված է հեղինակային իրավունքների ազգային գործակալությունում, թիվ 7/13, 01.03.2002թ.):

Ճեմարանի առաքելությունը ազգային հենքի վրա ձևավորված համամարդկային արժեքներ կրող իսկական մտավորականի և քաղաքացու կերտումն է: